04/11/2014 12:36
Դպրոցներն այսուհետ կկառուցվեն առավելագույնը երկու տարում
Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը պետք է ապահովվի, համայնքներում տարբեր ծրագրեր պետք է իրագործվեն, շինարարության ընթացքի և տևողության վերաբերյալ ժամկետները պետք է պահպանվեն, որպեսզի տարիներ շարունակ երկարատև շինարարության օբյեկտները հասցվեն ավարտին և այլն: Այս մասին ԱԺ-ում ընթացող 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` փորձ է արվելու նախորդ տարիներին ձևավորված որոշ բաներ ենթարկել փոփոխությունների, օրինակ` շինարարության ժամկետները.
«Ավարտվածության ցուցանիշը 60 տոկոս և ավելի պետք է դառնա: Սա արվում է նրա համար, որ շենքերի շինարարությունը չտևի ավելին, քան երկու տարի և չլինի այնպես, ինչպես եղել է` 5-6 տարի»,- նշեց նա:
Նախարարն ասաց, որ դա իրապես մտահոգիչ հարց է և ,օրինակ, դպրոցաշինության ոլորտում 13 շինարարական օբյեկտների աշխատանքների վերլուծություն է կատարվել, գումարները վերաբաշխվել են, որպեսզի դրանց շինարարությունը ավարտվի պատշաճ ժամանակահատվածում: Մինչդեռ, նկատեց Ն. Սարգսյանը, նախկինում արված հաշվարկների արդյունքում դրանց շինարարությունը կավարտվեր տասը տարվա ընթացքում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ կարևորեց այդ մոտեցումը, քանի որ դպրոցաշինության ոլորտում իսկապես առկա են խնդիրներ.
«Վերահսկիչ պալատն էլ նայել էր ու ֆիքսել էր, որ որոշ դպրոցներում այնքան երկար են տևում այդ աշխատանքները, որ մինչև դպրոցում շինարարությունն ավարտվում է, այն վերանորոգելու ժամանակն է գալիս»,- հավելեց նա: