10/11/2014 19:35
«Եվրոպացի պատգամավորները հստակ դիրքորոշում պիտի ունենան Արցախի վերաբերյալ»
«Մեր նպատակն է, որ եվրոպացի պատգամավորների մեծամասնության մոտ հստակ դիրքորոշում ձևավորվի Արցախի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
Ադրբեջանական պատվիրակությունը, նրա խոսքով, անհարմար վիճակում էր հայտնվել` ընտրելով այնպիսի զեկույց, որը քիչ կապ ունի Ադրբեջանի հետ:
«Ինչպես միշտ, ադրբեջանցիները փորձել են ցանկացած հարց կապել Արցախի վերաբերյալ իրենց տեսակետներին ու դիրքորոշումներին, բայց եվրոպացի պատգամավորները հորդորել են չծանրաբեռնել Եվրանեսթի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք դուրս են քննարկումների շրջանակից»,- ասաց նա:
«Եվրանեսթում», Զաքարյանի խոսքով, նոր պատգամավորներ կան, որոնց հետ հարկավոր է ճիշտ աշխատանք կազմակերպել:
«Եթե ասենք, որ բոլոր 90-ի հետ հանդիպել ենք, ճիշտ չի լինի, բայց շատերի հետ հանդիպել ենք և հանձնաժողովի նիստերի ընթացքում շփվել: Հիմնականում, հանդիպել ենք ազդեցիկ դերակատարների հետ: Միշտ չէ, որ նրանք պարզ պատկեր ունեին Ղարաբաղի հետ կապված և շատ դեպքերում իրենք խնդրել են էքսկուրս անել` հասկանալու հակամարտության պատմությունն ու ընթացքը: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր հրավիրվել է թե Հայաստան, թե Արցախ, քանի որ իրենք էլ համաձայն են, որ շատ կարևոր է տեղում լինել ու դրանից հետո միայն որոշել դիրքորոշումը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Շատ կարևոր է, շարունակեց խոսքը նա, ԵՄ-Արցախ բարեկամական խմբի ստեղծումը Եվրախորհրդարանում, ինչը որոշակի նոր շեշտադրումներ է բերում եվրոպական խորհրդարանի առջև:
«Մեր նպատակն է հնարավորինս կարճ ժամանակում հասնել նրան, որ եվրոպացի պատգամավորների մեծամասնության մոտ հստակ դիրքորոշում ձևավորվի Հայաստանի, Արցախի վերաբերյալ»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Զաքարյանն ասաց, որ իրենք կողմնակից չեն, որ Եվրանեսթի հարթակը վերածվի հակամարտություն կարգավորող հարթակի, այդ մասին նաև եվրոպացիներն են հայտարարում. «Բայց երբ նման փորձ է անում Ադրբեջանը, ապաև կարևոր է դրան հակազդել, ինչն արվում է»: