10/11/2014 21:51
Խոշոր վթար Շիրակի մարզում. Կա յոթ զոհ և բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ ժամը 19.18-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվել նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է: