14/11/2014 09:26
Գազը կթանկանա՞
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հայկական Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի գինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփոփոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:
«Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը»,-գրել է թերթը: