15/11/2014 14:48
Դ. Իոաննիսյան. ԵՏՄ անդամակցության պարագայում թանկացումներն անխուսափելի են
ԵՏՄ անդամակցության պարագայում թանկացումներն անխուսափելի են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նախ նկատեց, որ Հայաստանի ներմուծման շուրջ 75 տոկոսն, իսկ արտահանման 76 տոկոսն իրականացվում է արտերկրի հետ համագործակցության արդյունքում, ինչն, ըստ նրա, հիմք կհանդիսանա թանկացման համար:
«Բոլոր 700 անուն ապրանքները թանկանալու են, հարցը միայն ժամանակի մեջ է: Մի մասը գտնում է, որ այդ թանկացումները կլինեն 2019 թվականի հունվարից: Այսինքն՝ այդ թանկացումները կլինեն 2018 թվականի ընտրություններից հետո»,- ասաց նա՝ ընդգծելով շուրջ 6000 անուն ապրանքների ցանկում են հայտնվել շաքարավազը, կարագը, յուղը, խոզի միսը, թռչնի միսը, հագուստն ու կոսմետիկան, ինչպես նաև և մի շարք այլ ապրանքներ:
Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային՝ բանախոսը նշեց, որ անհասկանալի է, թե այդ ռուսական ռազմաբազան Հայաստանը ումից և ինչպես է պաշտպանում: Համեմատելով Ուկրաինայի հետ՝ նա ընդգծեց, որ Ռուսաստանն իր վարքագծով ցույց տվեց, թե Ղրիմում տեղակայված ռազմաբազան ինչով օգտակար եղավ Ուկրաինային: «Վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են»,- ասաց նա: