15/11/2014 09:32
Թշնամին գիտի՝ ռազմական գործողությունը կբերի Ադրբեջանի կործանմանը. Բաբայան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է «Հայկական Ժամանակի» հարցերին:
-Այս պահին ի՞նչ վիճակ է շփման գծում:
-Վիճակը նույնն է, վերահսկելի է: Ճիշտ է, ադրբեջանական կողմը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումը, հատկապես այն հատվածում, որտեղ ընկած է մեր ուղղաթիռը: Անդադար կրակում են, ու հնարավոր չէ մոտենալ:
-Որքա՞ն է հավանականությունը, որ դա կարող է նոր լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու սկիզբ դնել:
-Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը երբեք չի կարելի բացառել, բայց կան որոշ հիմքեր, որոնք թույլ են տալիս պնդելու, որ դրա հավանականությունը քիչ է, որովհետև նախևառաջ՝ թշնամին գիտի՝այս դեպքում ինչ է տեղի ունենալու: Սա կբերի Ադրբեջանի կործանմանը: Երկրորդ՝ որևէ մեկին, հատկապես գերտերություններին և նույն Մինսկի խմբի համանախագահներին, չեմ կարծում, որ ձեռնտու են նման զարգացումները: Դա են վկայում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների հայտարարությունները: Հետևաբար, նման զարգացման հավանականությունը կարծում եմ, քիչ է, քանի որ ներկա պայմաններում վերսկսվել պատերազմ՝ դա պետք է այնքան նպաստավոր ներքին և արտաքին պայմաններ լինեն, որ հնարավոր լինի դա անել: