17/11/2014 16:13
Փորձագետը՝ ՍԴ որոշման մասին. Գործ ունենք խայտառակ փաստի հետ
Այն, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հայաստանի անդամակցության պայմանագիրը ԵՏՄ-ին, զարմանալի չէր և արտառոց որևէ բան տեղի չունեցավ. գործ ունենք խայտառակ փաստի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ այստեղ շատ դժվար է չտեսնել, որ այն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:
«Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների համաձայն՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ Եվրասիական տնտեսական միությունում գործելու է հանձնաժողով, որի որոշումները պարտադիր են լինելու ԵՏՄ բոլոր պետությունների համար: Այդ հանձնաժողովը Ռուսաստանն է և եթե գործադիր, օրենսդիր իշխանությունները չեն դիմադրել դրան, ապա սպասել, որ ՍԴ-ն Հունան Ավետիսյանի նման կփակեր եվրասիական գնդացիրը, միամիտ կլիներ»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը ասաց, որ այսօր ցանկացած պետություն՝ անկախ իր կամիքց, մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք այնքան կայծակնային տեմպերով են զարգանում, որ պետությունները հաճախ հասցնում են միայն մակերեսային, ինտուիտիվ գնահատականի արժանացնել:
«Գործող Սահմանադրության ոտնահարում չկա, այլ հարց է՝ արդյոք այդ միությունը մեր երկրին լուսավոր ապագա կբերի, թե՞ անդունդը կգլորի: Գործող իրավական համակարգի առումով կիսում եմ Սահմանադրական դատարանի որոշումը և գտնում եմ, որ որևէ խախտում չկա այդ կառույցին միանալու ընթացակարգերի առումով»,- ասաց Վ. Այվազյանը:
Նախորդող հրապարակում՝ ԵՏՄ անդամակացությունը համապատասխանում է Սահմանադրությանը