19/11/2014 11:20
Հոշոտողի գաղափարները չպետք է մեզ ստիպեն, որ համաձայնության գանք. ԱԺ նախագահ
Այլ բան է, որ մարդասպանները մտնում են քո հայրենիք և հանցագործություն են կատարում, այլ բան, որ անմեղ մարդիկ զորավարժության ժամանակ են զոհվում: Լատվիայի անկախության տոնի կապակցությամբ հրավիրված միջոցառման ժամանակ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը:
ԱԺ նախագահն ընդգծեց` արդեն բամիցս ասվել է, որ հայկական ուղղաթիռը որևէ ապօրինի նկատառում չի ունեցել, ինչպես ադրբեջանցի դիվերսանտները, որոնց մասին, ի դեպ, հիշատակում է ադրբեջանցի պաշտոնյան: «Չեմ կարծում, որ հոշոտողի գաղափարները պետք է մեզ ստիպեն, որ համաձայնության գանք: Միևնույն է, եթե մեր տղաները զոհվել են, նրանց մարմինները մեզ մոտ կհայտնվեն, եթե վիրավորներ են` նույնպես: Ամեն դեպքում՝ Ադրբեջանը պատասխանն ինչ-որ ձևով ստանալու է»,- եզրափակեց Գ. Սահակյանը: