19/11/2014 17:05
Վարդան Պետրոսյանի գործ. Ստորագրությունը, ըստ փորձագետի, նմանակվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը սկսվել է նշանակվածից 30 րոպե ուշացումով, քանի որ նման խնդրանքով է դատարանին դիմել տուժող կողմի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում դատարանին ներկայացնել նախորդ նիստերի հետ կապված փաստաթուղթ, սակայն դատարանը որոշեց հետաձգել նիստը` մինչ տուժող կողմի փաստաբանի ներկայանալը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի դատական նիստի ժամանակ Ն. Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու և Ռ. Բալոյանի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար պահանջել էր 20 օր: Դատական նիստը նշանակվել էր այսօր:
Նիստի ընթացքում Ն. Բաղդասարյանը ասաց, որ դիմել էր օտարերկրյա պետության փորձագետների՝ պարզելու, արդյոք ընթերակա Գրիշա Գասպարյանը ինքն էր ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ, թե ոչ:
Ըստ Վերսալի ձեռագրաբան-փորձագետի եզրակացության` այդ ստորագրությունը, ամենայն հավանականությամբ, նմանակվել է:
Փաստաբան Ռուբեն Բալոյանն անդրադարձավ երկրորդ ընթերականի, փորձագետ, ոստիկանության աշխատակից Թորգոմ Եգորյանի՝ վթարի վայրում կատարված զննությանը մասնակցելու գործողության օրինաչափությանը, ինչպես նաև՝ քննչական գործողության ժամանակ նկատված խախտումներին:
Նրա խոսքով՝ ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը պետք է մերժվի, և եթե «ձևական պատճառաբանություններով» ամբաստանյալը պատժից խուսափի, դրանով լուրջ հարված կհասցվի արդարադատությանը:
Դատավորը որոշեց քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից դեպքի վայրի զննության անցկացնելու արձանագրության որոշումը և զննության արձանագրության վերաբերյալ վերջնական ընթացքը լուծել դատական ակտի ընթացքում:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյան. Դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ