24/11/2014 14:33
Ռոման Սահրադյանը ռեկորդ է սահմանել և գրանցվել «Գինեսի» գրքում
ՀՀ ոստիկանության պայմանագրային աշխատակից Ռոման Սահրադյանը գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: Նա պտտաձողի վրա 30 րոպեում 1001 «մեծ պտույտ հետ» վարժությունն է կատարել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Սահրադյանը ասաց, որ ռեկորդը գրանցելու համար մարզվել է մոտ մեկ տարի, այն գրանցվել է մոտ 2 ամիս առաջ, թեև կատարվել է 3 տարի առաջ:
Նրա խոսքով՝ պատրաստ է կրկնել և գերազանցել իր ռեկորդը, եթե որևէ այլ երկրի ներկայացուցիչ նոր ռեկորդ գրանցի:
Ծանրամարտի միջազգային 2-րդ կարգի մրցավար և Ռ. Սահրադյանի մարզիչ Վանիկ Մխիթարյանի խոսքով՝ իրեն զարմացրել է Ռոմանի առաջարկը՝ ռեկորդ գրանցելու, սակայն մի քանի անգամ տեսնելով նրա մարզումները, հասկացել է, որ նա կարող է, իսկ 1001-րդ պտույտը խնդրել է անել իր համար:
«Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ այս ռեկորդը առաջին անգամ գրանցվել է նորից հայի կողմից՝ 10 տարի առաջ և եթե կա մեկը, ով կարող է գերազանցել ռեկորդը, Դավիթ Ֆահրադյանն է: