25/11/2014 13:50
Պուտինն առաջարկել է վերագործարկել Սուխումի-Թբիլիսի-Երևան երկաթգիծը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան Սոչիում նախօրեին ստորագրել են ռազմավարական հարաբերությունների մասին նոր պայմանագիր:
NTV.ru-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ նոր պայմանագրով հնարավորություն կստեղծվի ռուսական ներդրողներին գրավել դեպի աբխազական շուկա:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Աբխազիայում գործում է 50 համատեղ ձեռնարկություն և նրանց թիվը ավելանալու է:
Պուտինը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի օգնության չափը Աբխազիային կազմել է 29 միլիարդ ռուբլի, իսկ մինչև 2017թ.-ը ներդրվելու է ևս 12 միլիարդ:
Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկել Սուխումիի, Թբիլիսիի և Հայաստանի միջև տարանցիկ երկագծային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:
Նրա խոսքով՝ նման ծրագրերի իրականացումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը:
Նշենք, որ Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին, մեկնաբանելով այդ տեղեկությունը, նշել է, որ Վրաստանի տրանսպորտային և տարանցման ներուժի օգտագործումը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է և ոչ ոք իրավունք չունի իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ռուսաստան-Վրաստան երկաթգիծն Աբխազիայի տարածքով: