26/11/2014 11:19
Փաստաբանները կարող են սկսել Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը ուզում է վերադառնալ Հայաստա,ն և նրա փաստաբաններն արդեն կարող են սկսել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
«Հ. Հարությունյանի նկատմամբ կայացրած դատական ակտը արդեն մտել է օրինական ուժի մեջ, և երեկ փաստաբանի հետ քննարկել ենք նաև նրան Հայաստան տեղափոխելու հարցը: Այդ մասին խոսել ենք նաև Հ. Հարությունյանի հարազատների հետ, քանի որ դա միայն կարվի Հ. Հարությունյանի ցանկության դեպքում: Նա պետք է այդ հարցով դիմումներ գրի ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարներին, և տեղափոխումը բացառող հանգամանքների դեպքում՝ նա պատիժը կշարունակի կրել Հայաստանում»,- ասաց նա:
Ե. Թումանյանցը նաև ասաց, որ Հ. Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվելու, քանի որ փաստաբանները գտնում են, որ Հ. Հարությունյանին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքը անհիմն է, իսկ տուժողների կողմից ներկայացված հայցերը Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է այն հիմնավորմամբ, որ դրանք պետք է ներկայացվեն Քաղաքացիական դատարան:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով: