26/11/2014 09:46
Խոշոր ներկրողներն Ամանորի համար սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու
ՀՀ բանկային համակարգին մոտ կանգնած «Հայկական Ժամանակի» աղբյուրները փաստում են, որ այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:
Ըստ թերթի աղբյուրների՝ ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: «Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը: Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին»,- հավելել է թերթը: