26/11/2014 11:56
Լարիսա Ալավերդյան. Օդաչուների դիակների տեղափոխությունը հայրենիք համարժեք պատասխան չէ
Ընդդեմ իրավական կամայականությունների կազմակերպությունը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի իրենք մոնիթորինգի ենթարկեն ԼՂՀ-ում ադրբեջանական դիվերսանտների նկատմամբ դատավարությունը և ծանոթանան իրավիճակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա զարմացած է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները չեն զբաղվում այդ դիվերսանտների գործով:
«Ես այցելել եմ իրենց և տեսել, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ է: Ամենակարևորը այն է, որ միջազգային կազմակերպությունները ծանոթանան դատավարությանը և թույլ չտան Ադրբեջանին խեղաթյուրել փաստերը և դատավարության հետ կապված տեղեկատվությունը»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի միջադեպին՝ Լ. Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ օդաչուների դիակների տեղափոխությունը հայրենիք համարժեք պատասխան չէ:
«Ես կողմնակից եմ չշտապելու և պատասխանը պետք է լինի նույնիսկ ասիմետրիկ, պատասխանը պետք է չլինի նսեմացնող հայկական կողմերի համար»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Ամփոփելով խոսքը՝ Լ.Ալավերդյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները նույն արդարությունը պետք է պահանջեն և իրականացնեն երկրի ներսում, ինչ նրանք պահանջում են աշխարհից: