26/11/2014 11:07
Բ. Սահակյան. Պետք է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ և քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Իր խոսքում Արցախի նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը և փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար մեր հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ:
Այս փոխգործակցությունը Արցախի նախագահը որակել է նաև որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: