27/11/2014 14:45
«Նաիրիտին» «քցո՞ւմ են». Ե. Զախարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցներին ամբողջ աշխատավարձը
Քիչ առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ ավարտվել է «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպումը, որի արդյունքները բոլորովին հուսադրող չեն: Aysor.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե նախկինում իրենց խոստացվել էր, որ մինչև տարեվերջ կվճարվի ամբողջ աշխատավարձի պարտքը, ապա այսօր արդեն բոլորովին այլ բաներ են իրենց ասել.
«Նախարար Զախարյանը մեզ ասաց հետևյալը. առաջիկա երկու օրերին կստանանք մի աշխատավարձ, իսկ դեկտեմբերին՝ ևս մեկը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ մինչև տարեվերջ խոստացել էին վճարել ամբողջը, ապա այսօր մեզ ասացին, որ այս պահին իրավական հիմքեր չկան ամբողջ աշխատավարձը վճարելու համար»,- մեջբերեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ դեկտեմբերին մեկ ամսվա աշխատավարձ նաիրիտցիները կարող են ստանալ միայն ամսի 20-ից հետո:
Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ են պատրաստվում անել իրենք, Ա. Հարությունյանն ասաց, որ արհմիությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը «Նաիրիտին» աշխատավարձ չվճարվի, ապա կդիմենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Եվ այդպես էլ չհասկացանք` ինչո՞ւ մեկ ամիս առաջ իրավական այդ հիմքերը կային, իսկ հիմա չկան: Այ սա է տարօրինակ»,- վրդովված ասաց Ա. Հարությունյանը: