27/11/2014 12:12
Շահեն Պետրոսյան. Բաց երկնքի քաղաքականության անցնելու դեպքում մենք դառնում ենք «проходной двор»
«Ավիացիան առաջին հերթին մեր անվտանգությունն է, և մենք չենք կարող ամեն ինչ ազատականացնել, քանի որ շրջափակման մեջ գտնվող երկիր ենք և գտնվում ենք կիսապատերազմական վիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին տարվա արդյունքները՝ ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ ավիափոխադրումների շուկան տրվեց մի անհայտ անձի` մանրամասնելով, որ խոսքը «Արմավիայի» մասին է, ինչի հետևանքով Հայկական ավիաղուները արհեստականորեն սննկացվեցին:
«Հայկական ավիաուղիները ստեղծվեցին 1992 թ.-ին շատ ծանր պայմաններում, սակայն հետագայում Հայկական ավիաուղիների նկատմամբ կիրառվեց ռեյդերություն, և մեր ավիաուղիների փշրանքների հիման վրա ստեղծվեց «Արմավիան»»,- հիշեցրեց Շ. Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Սոչիի ավիավթարից հետո Արմավիան պետք է փակվեր, քանի որ զոհվեցին բազմաթիվ մարդիկ, և ոչ մի քննություն չիրականացվեց, ոչ ոք չպատժվեց:
Շ. Պետրոսյանը նշեց, որ ռուսական ընկերությունները սկսեցին դեմպինգ իրականցվել և գներ իջեցնել այն ուղղությունների վրա, որտեղ «Էիր Արմենիան» թռիչքներ էր իրականացնում:
Նրա խոսքով՝ տեղի է ունեցել լոբբիստական պատվեր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի կողմից, և բաց երկնքի քաղաքականությանն անցնելը շահավետ էր ինչ-որ կոնկրետ անձի կամ կլանի, սակայն նախկին պաշտոնյան փաստեր չունի այս պահին:
«Բաց երկնքի քաղաքականության անցնելու դեպքում՝ դուք դառնում էք «проходной двор» ինչ-որ արկածախնդիրների համար»,- նշեց Շ. Պետրոսյանը:
Նա հավելեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկիրը կորցնում է ոլորտ՝ ոլորտի հետևից, և կարծես թե վերականգնվում է Խորհրդային Միությունը: