28/11/2014 15:21
Հիմնադրվեց Հակակոռուպցիոն կոալիցիա
Այսօր տեղի ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման և ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում:
Ծրագրի հիմնական նպատակը, ըստ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ նախագահ և «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի, մեծացնել քաղաքացիական հասարակության դերը հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում:
Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ -ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար:
Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն: