28/11/2014 13:10
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մարգարյանը, զբաղեցնելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների:
Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա և ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները:
Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի և կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գայանե Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու համար:
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գ.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասել էր, որ նոյեմբերի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14:00-ին, նշանակված է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չիրականացնելու և դատախազական պատշաճ վերահսկողություն չիրականացնելու մասին դիմումի քննությունը:
Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաև չեն հարցաքննվել գործին անմիջական առնչություն ունեցող պաշտոնատար անձինք:
«Այսօր քննիչը և դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայմանավորված այս 7 ամսվա անգործությունը: Միգուցե այսօր հայտնեն, որ մեղադրանք է առաջադրվել որևէ անձի, ինչպես նաև տրամադրեն գործի նյութերը»,-ասել էր նա:
Փաստաբանի խոսքով՝ այն հանգամանքը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը շարունակում է պաշտոնավարել, կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:
«Ֆ. Բերիկյանը 3 անգամ եղել է դպրոցում և որևէ խախտում չի նկատել, թեև մեր հետ զրույցում գիշերօթիկի աշխատակիցները պատմել են, որ դպրոցում տեսել են միայն մոտ 30 աշխատակիցների, սակայն աշխատավարձ դուրս է գրվել ավելի քան 70 հոգու համար: Եվ խոսքը միայն այդ դպրոցը չէ, մեր բյուջեի զգալի մասը այդ նախարարության միջոցով հատկացվում է նման դպրոցներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել նաև այդ դպրոցի ուսուցիչների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր.
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով:
Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ազատվել էր աշխատանքից` հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը:
Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն: