28/11/2014 09:22
«Ժառանգության» ակտիվը չի աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանին
«Իրավունքը» գրել է. «Այն, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ «Ժառանգականներ», հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը, հանրահայտ է:
Սակայն պարզվում է՝ Րաֆֆիի հայտարարություններով, մեղմ ասած, հիացած չէ նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ և առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան. «Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ արծարծված հարցերի և հարակից խնդիրների վերաբերյալ: Բայց համարում եմ, որ ավելի ճիշտ է՝ պահպանել կուսակցական կարգապահությունը... Գերադասում եմ իմ անձնական դիտարկումները ներսում արտահայտել, իսկ հրապարակավ ներկայացնել մեծամասնության կողմից ընդունված որոշումները»:
Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ «կուսակցական կարգապահությունից» ելնելով՝ իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի՝ «օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից»: