28/11/2014 15:10
Թուրքագետ. Էրդողանի հանդուրժողականությունը պայմանավորված է ԵՄ պահանջներով
Թուրքիայի խորհրդարանը մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման մասին օրինագիծը կմերժի, բայց այն կմնա երկրի քաղաքական կյանքի օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանն` անդրադառնալով Միլի Մեջլիսում քննարկվող օրինագծին:
«Պետք է հիշենք, որ 1990-ականներին «ցեղասպանություն» բառի միայն բարձրաձայնման համար Թուրքիայում խիստ պատժամիջոցներ էին սահմանված՝ դատում և կալանավորում էին, իսկ ցեղասպանության մասին հիմա բարձրաձայն խոսելը վկայում է Եվրամիության պահանջների ու դիրքորոշման խստացման մասին»,- ասաց թուրքագետը:
Ըստ նրա` նման օրինագծի հայտվելը խորհրդարանում ոչ այնքան Ռեջեփ Թայիփ Էրդողանի արժանիքն է, որքան՝ Եվրամիության.
«Էլի եմ ասում` Էրդողանի հանդուրժողականությունը պայմանավորված է ԵՄ-ի պահանջներով: Սա լուրջ քայլ է. երկրի ներսում օրինականացվում է պատմության հետ երես առ երես կանգնելու պահանջը»:
«Օրինագիծն, այնուամենայնիվ, չի ընդգրկվի Թուրքիայի խորհրդարանի օրակարգ, բայց դրա քննարկումն արդեն իսկ առաջընթաց է»,- եզրափակեց խոսքը նա:
Հիշեցնենք, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման մասին օրինագիծում կա դրույթ նաև ջարդերի ենթարկված ժողովուրդներից ներողություն խնդրելու վերաբերյալ: Այն խորհրդարան է ներկայացրել քրդական կուսակցության պատգամավոր Սեբաայթ Թունջելը: