28/11/2014 17:20
ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթգծի վերագործարկումը. Ի՞նչ է ասել Հեֆֆերնն ԱԺ պատգամավորներին
«Այդ մասին եղել է հարցադրում. ԱՄՆ դեսպանը ասաց, որ իրենք ողջունում են ցանկացած նման կոմունիկացիոն հնարավորությունների ստեղծում ՀՀ համար: Հեֆֆերն ասաց, որ ողջունում է ցանկացած կոմունիկացիայի առկայությունը, որն օգտակար կլինի Հայաստանի համար»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյոք ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ հանդիպմանը վերջինս անդրադարձել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը` աբխազական երկաթգծի վերագործարկման մասով:
Հիշեցնենք, այսօր Ազգային Ժողովում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը փակ հանդիպման է մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, որը տևեց ավելի քան երկու ժամ: Սակայն լրագրողների հարցերի ԱՄՆ դեսպանը հրաժարվեց պատասխանել:
Պարոն Նիկոյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք կապ չուներ այս փակ հանդիպումը ԵԱՏՄ պայմանագրի հետ, որն այս օրերին քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում, իսկ երկուշաբթի օրվանից սկսած նաև մեկնարկելիք ԱԺ քառօրյայում կքննարկվի: Պատգամավորն ասաց, որ հանդիպումը նվիրված չէր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, թեև պարզ է, որ այդ հարցը ևս քննարկվել է.
«Ջ. Հեֆֆերնը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերին, այնպես էլ տնտեսական հարցերին, ու հայ-ամերիկյան հարաբերություններին: Ներկայացրեց նաև ԱՄՆ տեսակետը տարածաշրջանում ընթացող գործընթացներին և այլ հարցեր» :
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա, ըստ Նիկոյանի, ԱՄՆ դեսպանն ասել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի որոշումներին.
«Եվ վերջ»:
Aysor.am-ի զրուցակիցը նաև նշեց, որ հանդիպումը սովորական հանդիպումների շարքին էր պատկանում, որը նախաձեռնում է հանձնաժողովը` հրավիրելով տարբեր երկրների դեսպանների: Այս անգամ հերթը ԱՄՆ դեսպանինն էր:
Ի դեպ ուշագրավն այն է, որ Սամվել Նիկոյանը չի հանդիսանում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իսկ ինչպես տեղեկացրել էինք, ԱՄՆ դեսպանի հանդիպումը հենց այդ հանձնաժողովի անդամների հետ պետք է որ լիներ:
Հիշեցնենք, ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին: Այս հայտարարությունը միանշանակ չէր ընդունվել պրոարևմտյան ուժերի կողմից, իսկ Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուրաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տրանսպորտային և տարանցման ներուժի օգտագործումը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է և ոչ ոք իրավունք չունի իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ռուսաստան-Վրաստան երկաթգիծն Աբխազիայի տարածքով: