28/11/2014 18:00
«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացել է մրցանակների
«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է Լավագույն գեղարվեստական ֆիլմ և Հանդիսատեսի համակրանք մրցանակների: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան է սիրվել հեռուստադիտողների կողմից եւ այնքան դրական արձագանքներ են եղել, որ դրա արդյունքում որոշում է կայացվել ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար եւ դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ընդգրկել ֆիլմը փառատոնի օրակարգում եւ օրեր առաջ հայտնի է դարձել, որ ֆիլմը մրցանակների է արժանացել:
«Մեր գյուղը» ֆիլմաշարը, որի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այն պատմում է գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Այն փորձում է բացահայտել հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ էլ հաճախ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:
Դերակատարներից յուրաքանչյուրը ֆիլմում իրեն հատուկ երանգն է փոխանցում, որի ամբողջությունից էլ ձևավորվում է հայ գյուղի ողջ գունապնակը:
Գլխավոր դերերում խաղում են Վրույր Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Անահիտ Ղուկասյանը, Գուրգեն Սարգսյանը, Սամվել Օհանյանը, Արևիկ Գևորգյանը, Վասիլ Նազլուխանյանը, Վիլեն Սարգսյանը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը և Սարգիս Հովսեփյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը, հնչյունային ռեժիսորը՝ Անդրեյ Մանուկյանը, բեմադրող նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, իսկ դիմահարդարը՝ Լարիսա Սահակյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է: