29/11/2014 14:43
«Արմենիա վայն» գործարանն այսուհետ կարտադրի նաև շամպայն և կոնյակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Նա այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերության գործարան: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված նոր ներդրումներին, գործարանի ձեռքբերումներին և զարգացման հետագա ծրագրերին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Շրջայցի ընթացքում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ գինու, կոնյակի և օղու արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը 2008-2011թթ. կատարել է շուրջ 9.5 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են խաղողի ընդունման կետի, գինու առաջին արտադրամասի, սպիրտի պահոցի, օղու կուպաժի և շշալցման արտադրամասերի հիմնմանը, տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: 2012-2014թթ. ընկերությունը շարունակել է խոշորածավալ ներդրումներ կատարել գինու և կոնյակի արտադրության ոլորտներում, ինչպես նաև շամպայն գինիների արտադրության կազմակերպման նպատակով: Կատարվել է 5.617 մլրդ դրամի ներդրում:
Կառուցվել և շահագործման են հանձնվել գինու պահոցը, գինու և կոնյակի հնեցման մառանը, կոնյակի համար խաղողի ընդունման նոր մեքենայատունը և կոնյակի վինիֆիկացիայի արտադրամասը, նոր պահեստը, վարչական մասնաշենքը, նոր լաբորատորիան և տեխսպասարկման կենտրոնը: Ընդլայնվել է նաև կոնյակի սպիրտի թորման արտադրամասը: Գործարանի արտադրամասերը հագեցվել են գինեգործական ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ներկրվել են Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Բելգիայից:
Ընկերությունը Հայաստանի գինեմետ խաղողի սորտերի խոշոր մթերող կազմակերպություններից է: Այսօր այն ունի 200 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է շուրջ 160.0 հազ. դրամ: Ներկայումս ընկերությունն արտադրում է օղի և գինի:
«Արմենիա վայն» ընկերության գործարանում այսօր Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև «Արմենիա» հայկական շամպայնի առաջին շշալցման արարողությունը: 2015թ. վերջին նախատեսվում է սկսել կոնյակի շշալցումը:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ընկերությանը ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ ընկերության հաջողությունը նաև աշխարհում հայկական մրցունակ ապրանքանիշի առաջմղման տեսանկյունից է կարևոր: