01/12/2014 14:31
Հղիների նպաստների մասին աղմկահարույց նախագիծն ամբողջությամբ ընդունվեց. Ոչ իշխանականները բոյկոտեցին
Քիչ առաջ Ազգային ժողովը 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախքան աղմկահարույց այս նախագծի քվեարկությունը, ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը.
«ՀՅԴ-ն չի մասնակցելու և կոչ ենք անում նրանք, ովքեր դեմ են օրենքի փոփոխություններին, չմասնակցել քվեարկության»,- ՀՅԴ խմբակցության անունից իր խոսքում հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ խնդիրը բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում, ինչպիսիք են, օրինակ, այն, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են 10, 20 և 30 մլն դրամի նպաստներ.
«Խնդիրը լրջագույնս կարգավորման խնդիր ունի»,- մատնանշեց Ն.Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ-ն ևս չի մասնակցի քվեարկությանը, մինչև նախագիծը չբերվի այնպիսի տեսքի, որ հնարավոր բոլոր ռիսկերը զրոյանան: