02/12/2014 11:24
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ջեյմս Ուորլիկի հետ
Նոյեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կոնգրեսական Ֆ. Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետևանքները և, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի այցը շարունակվում է: