02/12/2014 13:11
Կարայան. ԵՏՄ-ին անդամակցելիս առաջին սպառման ապրանքների դեպքում կան արտոնություններ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը շարունակելու է պահել Եվրոպական Միության հետ GSP+ համակարգը: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Մենք չենք կորցնում GSP+ համակարգը: Այն հիմա գործում է և անդամակցելուց հետո էլ շարունակելու է գործել: Մենք Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը շարունակելու ենք տարբեր ոլորտներում` բարեփոխումների իրականացման համար: Մենք Եվրամիության հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- հայտարարեց Ս. Կարայանը:
Պատգամավոր Խ. Քոքոբելյանը հետաքրքրվեց նաև, թե կարո՞ղ է ԵՏՄ անդամ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագիր կնքել երրորդ երկրի հետ, Ս. Կարայանը պատասխանեց, որ եթե Հայաստանը նպատակահարմար գտնի որևէ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, կարող է դիմել ԵՏՄ-ին, քննարկել անդամ մյուս երկրների հետ և միասին կարող են այդ երկրի հետ համաձայնագիր կնքել:
«Հակառակ դեպքում, եթե որևէ տնտեսական միության անդամ իրավունք ունենա սեփական նախաձեռնությամբ առանձին տնտեսական համաձայնագիր կնքել այլ երկրի հետ, այդ դեպքում այդ միության իմաստը կորում է»,- պարզաբանեց Ս. Կարայանը, որին ի պատասխան Քոքոբելյանը կրկին արձագանքեց.
«Հայաստանը կարո՞ղ է հարևան Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել:
Ի պատասխան Կարայանը հիշեցրեց, որ Հայաստանը Վրաստանի հետ արդեն իսկ ունի ազատ առևտրի համաձայնագիր, որը գործում է նաև այսօր: «Եվ շարունակելու է գործել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամացելուց հետո»,- ընդգծեց Կարայանը:
Քոքոբելյանը հետաքրքրվեց նաև, թե Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչին ի պատասխան՝ Սուրեն Կարայանը հավելեց, որ Սահմանադրական դատարանն արդեն քննարկել է այդ հարցը և ճանաչել այդ փաստաթուղթը:
«Ես Սահմանադրական դատարանի որոշումները չեմ ցանկանում մեկնաբանել: Դուք գիտեք, որ պայմանագիրն արդեն Սահմանադրական դատարանի կողմից ճանաճվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող»,- ընդգծեց Կարայանը:
Պատգամավորի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ո՞ր ապրանքներն են թանկանալու, Ս. Կարայանը վստահեցրեց, որ թանկանալու են այն ապրանքները, որոնք Հայաստանում առաջին սպառման ապրանքներ չեն հանդիսանում, իսկ առաջին սպառման ապրանքների համար Հայաստանին տրված են արտոնություններ:
Նշենք, որ Հայաստանը 2014թ. կրկին ընդգրկվեց GSP+ համակարգում: Այս համակարգը էական արտոնյալ առևտրային պայմաններ է ստեղծում, որպեսզի հայկական արտադրության 6000 ապրանքներ զրոյացված մաքսատուրքով, իսկ զգայուն ապրանքների դեպքում` իջեցված դրույքաչափերով արտահանվեն Եվրոպա: