03/12/2014 17:36
Դրամի արժեզրկումը սպեկուլյացիայի հետնանք է. Կարեն Ճշմարիտյան
Դրամի արժեզրկումը սպեկուլյացիայի հետնանք է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով չցանկացավ նշել, թե արտարժույթի տատանումը ո՞ւմ սպեկուլյացիայի արդյունքն է:
«Չեմ կարող ասել, թե ովքեր են մեղավոր, բայց այդ ամենը սպեկուլյատիվ բնույթ ունի։ Դրա պատճառով գնաճի վրա, գուցե, որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները և իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»,- նկատեց նախարարը։
Հարցին, թե ինչպիսի՞ հետևանքներ կթողնի դրամի արժեզրկումը, նախարարը պատասխանեց, որ ունեցած վարչական և օրենսդրական գործիքները, որոնք ունի ԿԲ-ն, թույլ կտան խուսափել այդ հետևանքներից:
Հարցին` բյուջեում կառավարությունը ներառե՞լ էր այս տատանումները, նախարարը պատասխանեց, որ նման սպեկուլյատիվ երևույթները բյուջեով հնարավոր չէ կանխատեսել:
Նախարարի կարծիքով` կարճ ժամանակում կկարգավորվի իրավիճակը. «ԿԲ-ն կարող է կարճ ժամանակում կարգավորել այս ամենը»,- եզրափակեց նախարարը։