05/12/2014 15:25
Նախագահ. Տնտեսությունը հաղթահարել է զարգացման 2 կարևորագույն փուլ, գտնվում է որակական նոր հարթությունում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ս. Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ստորև.
«Տնտեսական զարգացման երկրորդ-անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է հազարամյակի սկզբներից: Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը: Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարանոց պետական բյուջե, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 17.0%-ի պայմաններում: Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին. հետագայում, օրինակ, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ ընդհուպ 25.3%: Նման իրողությունների պայմաններում ՀՆԱ-ի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը՝ 15.1%, ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի:
2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի խթանման և արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը: Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից և կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ: Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը և երկրի մրցունակության բարձրացումը՝ նպատակներին հասնելու միջոցներ:
Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց: Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են. գնահատվում է, որ գյուղատնտեսության և արդյունաբերության ընդհանուր կշիռը ՀՆԱ-ում կկազմի 37.0%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի ՀՆԱ շուրջ 32.0%-ի, փաստելով որ տնտեսական աճի ստեղծման շարժիչ ուժն աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական՝ արտահանելի հատված: Զուգահեռաբար ֆինանսական համակարգն ընդլայնել է տնտեսությանը մատակարարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014թ-ի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38.0%:
Արդյունքում 2014թ-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել ՀՆԱ-ի ավելի քանի 23 տոկոս հարկեր, իսկ բյուջեն մոտենում է 3.0 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանին:
Իհարկե, դեռևս ձեռք բերված ցուցանիշների մակարդակը բավարար չէ խոսելու լիարժեք բարձր դիմադրողականություն ունեցող տնտեսության մասին, սակայն շատ կարևոր է այս միտումների հետագա շարունակականությունը:
Հայաստանի տնտեսության վերոնշյալ փուլային զարգացումներում ականատես էինք լինում նաև դրական շատ փոփոխությունների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում: Այս տեսանկյունից Հայաստանի առաջընթացը փաստող ցուցանիշներից է գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որն ավելի ճշգրիտ և արդարացի ցուցանիշ է, քան մեկ շնչի հաշվով անվանական դոլարային ՀՆԱ-ն, քանի որ հաշվի է առնում նաև մեր և գործընկեր երկրների գնաճերի տարբերությունները: Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ-ին կազմել է $1,391, 2005թ-ին՝ $4417.3 իսկ 2013թ-ին $7,034: Նույնանման դինամիկա ունենք նաև մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում: 2014թ-ի վերջին տնտեսության միջին աշխատավարձերը 1995թ-ի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005թ-ի նկատմամբ շուրջ 55.0%-ով: Մեկ ցուցանիշ ևս կարևոր է, որ լավ բնորոշում է երկրների փուլային զարգացումները, դա գործազրկության ցուցանիշն է . սովորաբար տնտեսական զարգացման առաջին փուլում երկրներին բնորոշ է լինում բարձր գործազրկությունը, քանի որ աշխատանքի ցածր արտադրողականությամբ աշխատուժը դժվարությամբ է աշխատանք գտնում, իսկ տնտեսության այն ճյուղերը, որտեղ չի պահանջվում որակ-յալ աշխատուժ, հագեցված է լինում: Տնտեսության փուլային տեղաշարժերին զուգահեռ մեզ մոտ ևս այս միտումը նկատվել է. գործազրկությունը հազարամյակի սկզբին (2001թ-ին) կազմել է 38.2%, 2005թ-ին՝ 31.2%, իսկ 2014թ-ին այն կգտնվի 16.0% շրջանակներում:
Եթե ամփոփենք առաջին մասում ներկայացվածը, կասենք՝ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ և այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն և ավելի մրցունակ ձեռնարկություններ:
Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:
Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու:
Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ:
Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար:
Հարգելի գործարարներ,
Կրկին ողջունում եմ բոլորիդ: Հավատացնում եմ, որ մեր համատեղ աշխատանքում, առնվազն մեր կողմից, ակտիվության ու սրտացավության պակաս հաստատ չի լինելու և հույս եմ հայտնում, որ ձեր բոլորի ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար:Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար:
Շնորհակալ եմ և ձեզ հաջողություն եմ մաղթում»: