05/12/2014 14:26
Արսեն Ղազարյան. 21-րդ դարի հայ գործարարը պետք է ավելին լինի, քան Մանթաշովներ ու Արամյաններ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարը, որին մասնակցում էին միության անդամներ, գործարարներ: Համաժողովին խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց կառույցի անելիքները, ձեռքբերումներից շեշտեց հայ գործարարի ձևավորումը. «Մարդիկ, որոնք ոչ միայն մտածում են շահույթի մասին, այլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատներ են»:
Ըստ նրա, 21-րդ դարի հայ գործարարը պետք է ավելին լինի, քան Մանթաշովներ ու Արամյաններ, քանի որ այսօր գործարարներից ավելին են սպասում, ժամանակներն ուրիշ են:
«Այն ինչ-որ կա հասարակության մեջ` քաղքենիություն, ագահություն, եղածով չբավարարվել. այս տեսակը հաղթահարել, ունենալ իր երկրի տնտեսական, մաշկութային, քաղաքական ապագայի նկատմամբ հավատով լցված հասարակություն»,- ասաց Ա. Ղազարյանը:
Թեև, ըստ նրա, Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու կարիք կա, սակայն ՀՀ-ն այսօր տնտեսություն ունի, որը հարևան երկրների տնտեսությունների հետ համեմատած ավելի մրցունակ է ու ավելի հավակնոտ:
«Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է օրինակ լինել ԱՊՀ մյուս երկրների համար: Բայց այսօր միայն ստվերի նվազեցման վրա եթե հույս դնենք, տնտեսական աճը մեծ չի լինի»,- համոզված է արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ ապահովվի տնտեսական ու որակական աճ, և դրա հիման վրա հարկեր հավաքագրվի:
«Պետք է բարիդրացիական մթնոլորտ լինի գործարար միջավայում, որպեսզի բարեփոխումները ճիշտ ընկալելի լինեն»,- ասաց Արսեն Ղազարյանը:
Խոսելով փոխարժեքի տատանումներից՝ բանախոսը նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարվածը մտահոգիչ է.
«Երեկ ԿԲ-ի փոխնախագահը կառավարությունում հայտարարեց, որ ԿԲ-ն ունի այն գործիքները, որով կարող են իրավիճակը հսկել և կոչ արեց սպեկուլյատիվ գործունեություն չիրականացնել: Պարոն նախագահ, առաջարկում եմ, որ եթե սպեկուլյատիվ գործառույթներ կան, պատժեք, որովհետև դրանց հետևանքով տնտեսական զարգացման տեմպն է ընկնում»: