08/12/2014 13:42
Հովհաննես Մանուկյան. Հայաստանում քաղբանտարկյալ չկա
Հայաստանում քաղբանտրակյալներ չկան: Այս մասին այսօր «Ազատություն» TV-ի Facebook-յան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ի պատասխան հարցին՝ իրեն մեղավոր չի՞ զգում, որ ՀՀ-ում հանձին Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի կան քաղբանտարկյալներ:
«Քննադատությունը շատ կարևոր է, դրան շատ ուշադիր եմ վերաբերում, իհարկե, այն հաճելի չէ, բայց աշխատում եմ դա ուշադիր և առանց էմոցիաների լսել: Հարցադրմանը համաձայն չեմ, որովհետև Հայաստանում չունենք քաղբանտարկյալներ, ապրում ենք ազատ խոսքի հասարակությունում, յուրաքանչյուրն ունի գնահատական, կարծիք հնչեցնելու իրավունք: Եթե անդրադառնանք օբյետկիվ չափորոշիչներին, ապա այլ երկրների քաղաքական ամփոփումների համաձայն՝ Հայաստանում արդյոք կան քաղբանտարկյալներ, թե ոչ, ես հատուկ այդ հարցը վերլուծել եմ, ուզում եմ, ասել, որ որևէ միջազգային իրավապաշտպան մոնիտորինգային կազմակերպության կամ պետության կողմից, համենայն դեպս, վերջին տարիներին ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին չի նշել»,-ասաց նա:
Հովհ. Մանուկյանի խոսքով՝ այլ երկրների կարծիքը վերջնական ճշմարտություն չէ, բայց ադ աշխարհում ընդունված է որպես գնահատական:
Հարցին՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ էլ չեն եղե՞լ քաղբանտարկյալներ, նախարարը պատասխանեց. «Այո, նման քննարկումներ եղել են, բայց դրանից հետո Հայաստանում միջազգային հարթակներում և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներում նման կարծիք չի հնչել: Քաղաքականությունը և քրեական իրավունքը տարբեր բաներ են, մարդը կարող է քաղաքական գործընթացների մասնակից լինել և այնպիսի խախտումներ թույլ տալ, որ քրեորեն պատժելի է: Պարտադիր չի, որ եթե մտնում ես քաղաքականություն և խախտում ես օրենք, դա պետք է լինի քաղաքական գործունեության հետևանք, այնուամենայնիվ, այդ տրամաբանության մեջ առանձին դրսևորումներ են տեղի ունենում, որ համապատասխան իրավասու մարմինները չեն կարող թողնել անհետևանք»:
Ներկայիս Կառավարության դեպքում Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հավանակության վերաբերյալ հարցին Հովհ. Մանուկյանը հույս հայտնեց, որ կբացահայտվի, եթե քննություն կատարվում է, իսկ Կառավարությունը պատասխանատու չէ և չի առնչվում այդ ոլորտին:
Շանթ Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճռի արդարացիության վերաբերյալ նախարարը ասաց, որ ինքը բավարար չափով տեղյակ չէ գործին, քանի որ իրավունք չունի թերթելու գործի նյութերը կամ, ասենք, դատավորից ինֆորմացիա պահանջելու գործի վերաբերյալ:
«Եթե ես լինեի այն Վերաքննիչի դատավորը, ով քննել է գործը, կկարողանայի ասել, այդ պատժաչափը շատ է, թե քիչ, ասենք, ասեի շատ է, ինչը ակնկալում են ինձնից լսել, դա ինչքանո՞վ ճիշտ կլիներ»,-ասաց նա, իսկ Շահեն Հարությունյանի վերաբերյալ ասաց, որ իհարկե, շատ վատ է, եթե հորը ծեծում են, և դա տղամարդկային, տղայական խոսակցության դաշտից է, որ տղան պետք է պաշտպանի հորը: