08/12/2014 15:58
Տնտեսագետ. Մինչև նավթի գինը չբարձրանա, ռուսական ռուբլին չի կարգավորվի
ՕՊԵԿ-ի դերը նավթի գնի հարցում զգալիորեն կրճատվել է: Նավթ արդյունահանող երկրներն այսօր, այսպես ասած, հաշվի չեն նստում վերջինիս հետ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով ռուբլու արժեզրկմանն ու դրա հետևանքների, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, ում համոզմամբ՝ մինչև նավթի գինը չբարձրանա, ռուսական ռուբլին չի կարգավորվի:
Տնտեսագետը չցանկացավ կանխատեսումներ անել, սակայն նշեց, որ հարկավոր է սպասել և տեսնել, թե ինչ կլինի հունվարից հետո:
«Մինչև մարտ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հավանաբար կթուլանան: Թուլանալու պարագայում ռուբլու դիրքերը կվերականգնվեն, ինչի արդյունքում մուտք գործող տրանսֆերտներն ավելի մեծ գնողունակություն կունենան»,- ասաց նա: Իսկ հնարավոր ռիսկերից խուսափելու համար տմտեսագետը խորհուրդ է տալիս զերծ մնալ սպեկուլյատիվ գործողություններից:
Հարցին՝ ինչ է սպասվում Ամանորի նախաշեմին գրանցվող գնաճի դեպքում, նա ընդգծեց, որ ֆինանսական ճիշտ ռազմավարության որդեգրման պարագայում ժողովուրդը զգալի վնասներ չի կրի:
Ամփոփելով իր խոսքը՝ տնտեսագետն ասաց, որ միայն հունվարից հետո պարզ կլինի, թե ինչ ավարտ կունենա «արժութային պատերազմը»: