09/12/2014 12:50
Վ. Հոկտանյան. Հայաստանում կոռուպցիայի իրավիճակն անդառնալի չէ, բայց պետք է աշխատել
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, Հայաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Իրավիճակը չի վատացել, սակայն լավացման մասին վաղ է խոսել, թեև կան լավացման թույլ նշաններ: Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Կոռուպցիայի հիմնական պատճառները, նրա խոսքով, բիզնեսի և քաղաքական վերնախավի սերտաճումն է, տնտեսության և քաղաքականության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, դատական համակարգի անկախության պակասը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականությունը:
Նա նկատեց, որ Հայաստանում լավատեսության որոշակի հիմքեր կան, քանի որ. «Իշխանությունները գիտակցում են, որ այսպես շարունակելը հղի է լուրջ հետևանքներով»:
Վ. Հոկտանյանը հայտնեց, որ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը երկու տարին մեկ, ըստ ոլորտների, հրապարակում է կոռուպցիոն վիճակագրություն: Ըստ 2013-ի տվյալների՝ առավել կոռումպացված էին պետական ծառայությունները, դատարանները և առողջապահությունը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում լավատեսության հիմք չի տալիս նաև Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը: Ըստ Կոռուպցիայի ընկալման համաթվի 2014-ի արդյունքների՝ ԵՏՄ անդամ երկրներ ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսն ավելի կոռումպացված են, քան՝ Հայաստանը. «Ստացվում է, որ միամիտ է կարծել, թե հայտնվելով այդ շրջապատում, Հայաստանը կդառնա ավելի քիչ կոռումպացված, քան հիմա է»:
Ամփոփելով խոսքը՝ Վ. Հոկտանյանն ասաց, որ Հայաստանում կոռուպցիայի ներկա իրավիճակն անդառնալի չէ, պետք է ձեռնարկել քայլեր կոռուպցիայի էական կրճատման ուղղությամբ:
«Շատ կարևոր է՝ քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը, տնտեսական և քաղաքական ոլորտներում մենաշնորհների վերացումը, իրապես անկախ դատական համակարգի կայացումը և պետական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգնումը»,- հավաստիացրեց Վ. Հոկտանյանը: