09/12/2014 14:50
Դատախազությունը կարճել է քննիչների և դատախազի նկատմամբ հարուցված քրգործերը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանի և 2 քննիչների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Հարցին՝ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ կարճվել են նաև Շենգավիթի և Հատուկ քննչական ծառայության քննիչների դեմ հարուցված քրեական գործերը, Ք. Մելքոնյանը ասաց, որ ինքը տեղեկություն ունի Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննիչների և դատախազի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր:
Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար, այնուհետև ՀՔԾ-ում դրանք կարճվել էին, հետո նորից Դատախազությունը վերացրել էր կարճման որոշումը և որոշ ժամանակ անց նորից կարճել: