09/12/2014 15:38
Ներգնա տուրիզմն աճում է` հատկապես Ամանորին
«Ներգնա տուրիզմի ոլորտում աճ է գրանցվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հյուրանոցների ասոցացիայի նախագահ, Թուֆենկյան ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարի նաև նոր հյուրանոցներ են բացվել, շուրջ 550 հյուրանոցային համար, 2015-ին կբացվի ևս 300-ը:
Բացի այդ, ըստ նրա, ներգնա տուրիզմի աճին նպաստել է վերջին տարիների միտումները` հայերը ձգտում են Ամանորն անցկացնել հյուրանոցներում:
Ինչ վերաբերում է հյուրանոցների գներին, ապա Հ. Հակոբյանը փոխանցեց, որ Երևանում այսօր հնարավոր է սենյակ գտնել 15 000 դրամից մինչև 700 000 դրամի սահմաններում, միջինում 45 000 դրամ` ներառյալ նախաճաշ, որը ըստ նրա, բավականաչափ նորմալ գին է:
«Ջոել» տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանն իր հերթին նշեց, որ նույն է մնացել արտերկրում Ամանորը անցկացնողների քանակը. «Հայերը հիմնականում նախընտրում են գնալ ծովափնյա երկրներ, Եվրոպա»:
Ասուլիսին մասնակից մեկ այլ բանախոս, Տուրիզմի ասոցացիայի հիմնադիր անդամ Մարինա Կպրյանն էլ ասաց, որ Հայաստանում հանգիստը մատչելի է, սակայն ամանորի տոներին հանգիստն այդքան էլ մատչելի չէ, տեղեր սահմանափակ են, քանի որ այս օրերին պահանջարկը գերազանցում է առաջարկին և Ծաղկաձորի հյուրանոցներից ոչ մեկում տեղ չկա: