09/12/2014 17:53
Դրամի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային և ներքին զարգացումներով
Դրամի փոխարժեքի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո` զարգացող և զարգացած երկրները գրանցել են իրենց արժույթների արժեզրկում: ԱՄՆ տնտեսության աճի վերկանգնմանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիր, որի միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով, որն էլ նպաստեց ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման, սպասումների ձևավորմանը և հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում և արժույթների արժեզրկում:
«ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ: Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրկմանը»,-ասաց ԿԲ նախագահը, հավելելով, որ արտաքին ճնշումներից անմասն չմնաց նաև Հայաստանը:
Մասնավորապես, ըստ Ա. Ջավադյանի, արտաքին ճնշումների ազդեցությունը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսեցին վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:
«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժութային շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքի տարբերությանը` զգալի կորուստների հանգեցնելով: Հետևաբար, նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից և սպասել իրավիճակի կայունացմանը. նման վիճակը չի կարող երկար տևել»,- ասաց Ա.Ջավադյանը: