09/12/2014 18:17
Կառավարությունում քննարկել են հայ-ուրուգվայական տնտեսության կապերի խորացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը: