10/12/2014 10:35
ՄԻ պաշտպանը, սազն առած, գովեց նախարարներին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքել էր այսօր մի շարք գերատեսչությունների ղեկավարների, որպեսզի գովասանքի խոսքեր հնչեցնի նրանց հասցեին, քանի որ, ըստ ՄԻ պաշտպանի, այդ պաշտոնյաները անցնող տարում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական գործունեություն են ծավալել: Օրինակ, Կ. Անդրեասյանը նշեց, որ Սահմանադրևական դատարանը 2014 թ-ին կայացրել է մի քանի «փայլուն որոշումներ», որոնք «գիտական հենք են հանդիսանում հետագայի համար ու նաև դրական են քաղաքացիների շահերի տեսանկյունից»:
Հատուկ շեշտադրումով՝ նշեց, որ ոստիկանությունը շատ է փոխվել, մասնավորապես` ծեծը, բռնությունը, կաշառակերությունը վերջին տարիներին` պարոն Գասխպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, գրեթե վերացել են այս համակարգից, իսկ ոստիկանի կերպարը հասարակության ընկալմամբ մարդու թշնամուց վերածվել է մարդու պաշտպանի.
«Այս դրական ֆոնի վրա կա խնդիր, և մենք կցանկանայինք շարունակել ոստիկանության հետ համագործակցությունը դա ևս վերացնելու համար. խոսքը խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանություն-մարդ բախումները վերացնելու մասին է և հույս ունենք, որ այդ երևույթը կնվազեցնենք 2015թ-ին»:
Գովասանքի արժանացան նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բանակում ակնհայտ առաջընթացի համար: Նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Հայաստանում ներառական կրթությունը համընդհանուր դարձնելուն ուղղված օրենքի փոփոխությունները վերջապես ընդունելու համար:
Իսկ ահա Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին Կ.Անդրեասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց՝ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աղմկահարույց բացահայտումը մինչև տրամաբանական ավարտը հասցնելու համար:
Նշենք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է: