12/12/2014 21:06
Ադրբեջանից Հայաստան վերադարձած ընտանիքի հայրը պատմեց Մանվել Սարիբեկյանի սպանության մասին
Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձված 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքի հայրը՝ Եղիշե Պետրոսյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց՝ ուրախ է, քանի որ վերադարձել է հայրենիք՝ Հայաստան:
Լրագրողների հարցին, իսկ ինչու՞ նա 4 տարի առաջ որոշեց վերցնել իր ընտանիքն ու ինքնակամ հեռանալ նույն Հայաստանից անցնելով Ադրբեջանի հետ սահմանը՝ Եղիշե Գևորգյանը պատասխանեց.
«Նախ՝ ես իմ ազգի պատրիոտն եմ: Երկրորդն էլ՝ ստացվել ա, անցել եմ: Ես ազգի դավաճան չեմ: Ես զինծառայող չեմ, ես զինգաղտնիքներ չեմ ունեցել, ոչ էլ կարեցել եմ հայտնել նրանց: Ոչ էլ բարոյական իրավունք եմ ունեցել իմ գաղտնիքը հայտնեմ իրանց»,- ասաց Եղիշե Գևորգյանը:
Հարցին՝ ինչու՞ որոշեց իր հետ տանել նաև 3 փոքրիկ երեխաներին, Եղիշեն մի քանի անգամ պատասխանեց.
«Իրանք իմ ընտանիքն են՝ բա ու՞մ թողնեի, ձե՞զ»:
Ընտանիքի անդամները պատմեցին, որ Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների, պահվել ռազմական ոստիկանության բանտում:
«2010թ.-ին մենք ընդեղ էինք, երբ սպանեցին Մանվելին: Ընդեղ էինք՝ էդ ոչ մեկ չի կարա ժխտի»,- ասաց Եղիշե Գևորգյանը:
Լրագրողները ճշտեցին՝ խոսքը Մանվել Սարիբեկյանի մասի՞ն է.
«Այո Մանվել Սարիբեկյանը: Իրա կամեռը մեր կամեռի տակ էր: Իրա մահվան գիշերը ես ձայներ լսեցի: Մանվելի կամեռի դուռը հենց բացում էին՝ ահավոր ձեն էր գալիս: Մեծ երկաթով զատվոռ ուներ, որ ամեն անգամ ահավոր շրխկում էր հենց բացվում էր: Հետո հենց էդ նույն կամեռում Հակոբ Ինջիղուլյանին էին պահում: Էդ երկաթը, որ բացում են դու ուղղակի չես կարա գիշերվա կեսին չլսես, որ էդ դուռը բացել են: Ու Մանվելի իբր կախվելու էդ գիշեր մի քանի անգամ բացել են: Հետո ընդեղ նենց էր տեղը, որ ինքն ուղղակի չէր կարա ինքնուրույն կախվեր»,- Aysor.am-ին պատմեց Եղիշե Գևորգյանը՝ ավելացնելով, որ արդեն հաջորդ առավոտյան տեսել են, ինչպես են Մանվելի խուց գնում տեսախցիկներով մարդիկ:
«Մանվելին կախել են՝ էդ 100 %: Ասեմ ավելին՝ մեր մոտ աշխատող Նաթիկ անունով մի մարդ կար, տղա էր 22 տարեկան: Հիմա հենց իրա խոսքերն եմ կրկնում, մի օր ինձ ասաց՝ Մանվելին «օգնել են» »,- պատմեց Եղիշե Գևորգյանը:
Aysor.am-ը նրանից հետարքրվեց՝ ինչպե՞ս եղավ, որ այդքան կտտանքներից հետո, Ադրբեջանն, այնուամենայնիվ համաձայնեց ընտանիքին վերադարձրեց Հայաստան.
«Չէին կարող չվերադարձնել: Մենք փախստականի կարգավիճակ ունեինք: Մայիսից ես ՄԱԿ-ով դիմում գրեցի, խնդրեցի, որ վերադարձնեն մեզ: Հիմա դեկտեմբերն ա, նոր բերում են»,- պատասխանեց Եղիշե Գևորգյանը:
Նշենք, որ ընտանիքի երեխաները բժշկական կենտրոն մտան «Ես հայ եմ» գրությամբ գլխարկներով, իսկ մայրը հարցազրույցի ընթացքում ասաց.
«Սա է մեր հայրենիքը և ճիշտ է այս՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: