12/12/2014 17:06
«Հայ ընտանիքը Ադրբեջանում եղել է ավելի շուտ պատանդի կարգավիճակում»
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել դեռ 2010 թ.-ից Ադրբեջանում գտնվող 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Այս պահին ընտանիքը բուժզննում է անցնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Ժամանումից ժամեր անց ընտանիքի հայր ու մայրը՝ Եղիշե և Ռուզաննա Գևորգյանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Ադրբեջանում ենթարկվել են բռնությունների:
«Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաները այս ողջ ընթացքում կռիսների կրծած հավի միս են կերել, նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք»,- ասաց Եղիշե Գևորգյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց վերադարձը՝ Ե. Պետրոսյանը պատասխանեց, որ վերադարձել են իրենց կամքով: Այնուհետև ճեպազրույցն ընդհատվեց, քանի որ ընտանիքը պետք է բուժզննում անցներ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքը Ադրբեջանում եղել է ավելի շուտ պատանդի կարգավիճակում:
«Ադրբեջանից վերադարձած 5 հայերից կազմված ընտանիքը Հայաստան է վերադարձել ինքնակամ, և մեր ֆունկցիան կայանում է նրանում, որ ընտանիքին Ադրբեջական իշխանություններից ընդունենք, և վերադարձնենք Հայաստան: Մնացածի մասին կպատմի ընտանիքը, ծնողները: Կարևորը, որ նրանք հիմա գտնվում են հայրենիքում՝ Հայաստանում: Այս ընտանիքին մենք ընդունել ենք որպես ՀՀ քաղաքացիներ, մնացածի հետ կապված՝ համապատասխան մարմինները իրենց գործողությունները կանեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է այն հարցին՝ արդյոք այս ընտանիքը ինքնակա՞մ չէր անցել սահմանը, գնդապետը ասաց, որ բոլոր պատճառների մասին եզրակացություն պետք է անեն համապատասխան մարմինները: