13/12/2014 16:34
ՄԱԿ. Դոնբասում հակամարտության զոհերի թիվը հասել է 4634-ի
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը կարգավորող վարչության հրապարակած զեկույցի համաձայն՝ դեկտեմբերի 7-ի դրությամբ Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհերի թիվը առնվազն 4634 է:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով, Դոնբասում հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Դոնբասում հերթական հրադադարը հաստատվել է դեկտեմբերի 9-ին: Այն սկսել է կիրառվել երկու կողմերի համաձայնությամբ, որոնք հետ են քաշել հրետանին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Դոնբասի նկատմամբ տնտեսական շրջափակում իրականացնելու մասին, իսկ վարչապետ Արսենի Յացենյուկը խոստացել է դադարեցնել կենսաթոշակների վճարումները Դոնբասի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գտնվող թոշակառուներին:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Դոնբասի տնտեսական շրջափակումը կարող է հանգեցնել հումանիտար լրջագույն աղետի: Կարմիր խաչը իր մտահոգությունն է հայտնել Դոնբասի բժշկական կենտրոնների, դպրոցների, բանտերի ապահովության խնդիրներով, քանի որ շրջափակումը միայն վատթարացնելու է իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում:
Դոնեցկում և Լուգանսկում այս պահին չի գործում ոչ մի բանկոմատ, իսկ բնակչությունը մնացել է առանց դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի: Ուկրաինայի փոստային ծառայությունը՝ «Укрпочта» հրաժարվել է փոստային ծառայություններ մատուցել Դոնբասի բնակիչներին: