13/12/2014 15:49
Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը ՔԿ Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ»,- ասաց Ս. Տռուզյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու համար։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։