15/12/2014 13:13
Ոչ իշխանական ուժերը բոյկոտում են ԱԺ արտահերթ նիստը. Պահանջում են քննարկել Արամ Մանուկյանի վրա հարձակումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որին, փաստորեն, մասնակցում է միայն Հանրապետական խմբակցությունը:
Նշենք, որ նիստի մեկնարկից անմիջապես հետո ԱԺ ոչ իշխանական ուժերի խմբակցության ղեկավարները հայտարարեցին, որ ԱԺ արտահերթին կմասնակցեն պայմանով, որ քննարկումներն այլ թեմայի շուրջ ընթանան:
Հավելենք, որ խմբակցության ղեկավարները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քննարկել են վերջին օրերին ազատամարտիկներիի և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումները՝ առաջարկելով արտահերթ նիստի քննարկումները հենց այդ հարցի շուրջ ընթանան:
ԱԺ նախագահ Գ. Սահակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո հայտարարվեց, որ այդ հարցը կարող են քննարկել ժամը 18-ից հետո:
«Նիստի ընդհատումը ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է»,- հայտարարեց ԱԺ նախագահը և հավելեց, որ խմբակցությունները կարող են այդ երևույթը դատապարտող տեքստ հրապարակել, որն, ըստ համապատասխան կարգի, կընդունվի:
Գ. Սահակյանի հայտարարությունը դուր չեկավ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին և վարման կարգով ելույթ ունենացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ ԱԺ նախագահի մոտ քննարկման արդյունքում 6 խմբակցությունները եկել են համաձայնության:
«Մենք գտնում ենք, որ այդ հարցը պետք է քննարկվի հենց այս արտահերթ նիստում, ուստի այդ խմբակցությունները նպատակահարմար չեն գտնում մասնակցել նիստին: «Մենք նպատակահարմար չենք համարում թողնել այդ հարցը և սկսել կառավարության արտահերթ նիստը: Դրա համար ոչ իշխանական 4 խմբակցությունները` ՕԵԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ, բոյկոտում են այս նիստը»,- եզրափակեց պատգամավորը: