15/12/2014 14:19
Շարմազանովը` ոչ իշխանականներին. Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի եղեք ու ձեր օրենքներով Ազգային ժողովը շուկա մի սարքեք
Այն, ինչ եղավ այսօր խորհրդարանում բնական եմ համարում: Բայց միևնույն ժամանակ դրանում չափազանցված ու քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն էր դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտին ու արտահերթ կարգով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու պահանջին:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` ինքը դեռ հինգշաբթի էր հույս հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները և կպարզի իրողությունը: Իսկ տեղյակ ենք, նշեց նա, որ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն և խնդիրը այժմ գտնվում է իրավական տիրույթում:
«Մենք քաղաքական հայտարարություն արել ենք ու դատապարտել: Բայց հիմա ուզում եմ հարցնեմ իրենց, ովքեր մեզանից պահանջում էին, որ ընդհատենք ու արտահերթ նիստ հրավիրենք` ԱԺ կանոնակարգի այդ ո՞ր կետով պետք է ընդհատեինք նիստը և այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել և իրենց օրենքներով Ազգային ժողովը չսարքել շուկա»,- շեշտեց նա:
Ավելին` Է. Շարմազանովը արտահերթ նիստի նպատակահարմարություն չի տեսնում.
«Ո՞րն է նպատակը: Կանգնենք, կուրծք ծեծենք, ասենք` ի՜նչ վատ է… ԱԺ նախագահն էլ է դատապարտել, ես էլ, իշխող կուսակցությունն էլ: Եկեք չմոռանանք, որ խնդիրը գտնվում է իրավական տիրույթում և եթե իրենց նպատակն աղմուկ անելն է, ապա դրա համար այլ տեղ կա»,- նշեց նա ու հավելեց` ճիշտ չէ կանգնել ու տեսախցիկների առաջ հայտարարել, թե իրենք կբոյկետեն: Իսկ եթե նրանք պարզապես չեն ուզում աշխատել, ապա, Է. Շարմազանովի խոսքով, թող գնան ուրիշ տեղ աշխատեն.
«Մահանա էր պետք ուղղակի, պատրվակ էր պետք»,- հավելեց նա:
Հիշեցնենք, ինչպես Aysor.am-ը ավելի վաղ գրել էր` ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից անմիջապես հետո ԱԺ ոչ իշխանական ուժերի խմբակցության ղեկավարները հայտարարեցին, որ ԱԺ արտահերթին կմասնակցեն պայմանով, որ քննարկումներն այլ թեմայի շուրջ ընթանան, այն է` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ազատամարտիկների վրա հարձակումների մասով, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ նիստի ընդհատումը ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է: