15/12/2014 14:02
Երևի կենցաղային հողի վրա ծագած վեճեր են. ՀՀԿ պատգամավոր
Հավանաբար կենցաղային հողի վրա ծագած վեճեր են: Իրավապահ մարմինները կբացահայտեն ամբողջ ճշմարտությունը: Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած բռնություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված Առաքել Մովսիսյանի վարորդի ձերբակալությունը և որքանո՞վ վերջինս աղերս ունի այս ամենի հետ, Հանրապետական պատգամավորը դժվարացավ պատասխանել:
«Հետաքննություն է ընթանում և բոլոր մանրուքները կպարզվեն»,- նկատեց պատգամավորը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, թե կասկածվող վարորդն այլևս Առաքել Մովսիսյանի հետ որևէ աղրես չունի:
«Ես կարդացել եմ Ա. Մովսիսյանի հարցազրույցը, ով հերքել է, որ կասկածվողն իր վարորդն է: Ես պատճառ չունեմ դրան չհավատալու: Շատ ակտիվ հետաքննություն է ընթանում և կպարզվի, թե ով է այս ամենի համար մեղավոր»,- ասաց նա:
Ընդհանրապես Կ. Աճեմյանը դատապարտում է ցանկացած բռնություն և գտնում է, որ ցանկացած հանցագործություն պետք է ըստ արժանավույն պատժվի:
«Չեմ բացառում, որ դրանք կենցաղային վեճեր են: Ինքս անձամբ չեմ կարող ինչ-որ բանով հիմնավորել կամ պայմանավորել: Իրավապահ մարմիններն ամեն ինչ կբացահայտեն: Կսպասենք ու կտեսնենք»,- ամփոփեց իր միտքը պատգամավորը: