16/12/2014 13:13
Վազգեն Խաչիկյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը վերաքննիչ բողոք է պատրաստում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց փաստաբանը:
«Բացի այն, որ դատավճռով պատժաչափը շատ խիստ է սահմանված, նաև սխալ կա իրավական գնահատականի առումով և փաստական հիմք չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով Վ. Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Նշենք, որ դատախազը Վ. Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում: Վ. Խաչիկյանը իրեն մեղավոր չէր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Նախաքննության տվյալներով` կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ` պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006թ. սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին և վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գևորգյանին:
Խմբի` վերը նշված անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում:
Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են նաև «Արաբկիրի» տարածքային բաժնի պետ Հ.Հովհաննիսյանը, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Ա.Մարտիրոսյանը, «Էրեբունի և Նուբարաշենի» տարածքային բաժնի պետ Ս.Սարգսյանը և «Շենգավիթի» տարածքային բաժնի պետ Ս.Էլբակյանը, բաժնի պետի տեղակալներ Ա.Սուքիասյանը, Հ.Մարտիրոսյանը, օպերատոր Հ.Դանիելյանը, Վ.Խաչատրյանի հարազատներ Ա.Խաչատրյանը և Բ.Մուրադյանը, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տևական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում` դիմումներում և վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու և ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները: