16/12/2014 18:13
Ցուցադրվել են Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կիրառված բռնությունները
Օմբուդսմենի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:
Ցուցադրությանը ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):
Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր: