16/12/2014 12:43
«Շիրակ» օդանավակայանի ուղևորները կազատվեն «օդի փող»` 10 հազար դրամ տուրքից
Կառավարությունն առաջարկում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևոր հանդիսացող ՀՀ ֆիզիկական անձանց ազատել 10 հազար դրամ պետական տուրքից: Այս մասին հայտարարվեց ԱԺ այսօրվա նիստում: Փոփոխությունը նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով, որը միտված է թե’ զարգացնելու ներգնա զբոսաշրջությունը, թե’ գրավելու բյուջետային ավիափոխադրողների, նաև ընդհանուր առմամբ Հայաստանի ուղևորափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացմանը տարածաշրջանում:
Դիմելով կառավարության ներկայացուցչին՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` որքա՞ն է կազմել ելքի տուրքը «Շիրակ» օդանավակայանից մինչ օրս: Պարզվեց, որ այս տարվա 11 ամիսների կտրվածքով «Շիրակի» ուղևորների քանակը կազմել է 19 հազար, մինչդեռ անցած տարի եղել է 36 հազար: Այսինքն` առկա է նվազում, և կառավարությունն այն տեսակետին է, որ օրենքի ընդունումը դրական ազդեցություն կունենա:
ՀՅԴ-ական պատգամավորը, սակայն, շարունակեց` ի՞նչ վերլուծության հիման վրա է ձևավորվել այն կանխատեսումը, որ 10 հազար տուրքի վերացումը դրական ազդեցություն կունենա, քանի որ հասկանալի է, որ այս փոփոխությունը բերելու է բյուջետային մուտքերի նվազեցման:
«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ Գյումրիի օդանավակայանը փորձում ենք վերածել, այսպես կոչված, բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայանի: Կա պայմանավորվածություն «Արմենիա» միջազգային օդանավակայանների տնօրինության հետ, որ իրենց կողմից ևս կիջեցվեն սակագները: Ներկայում վարվում են բանակցություններ մի շարք բյուջետային ավիաընկերությունների հետ` նրանց մուտքը Հայաստան ապահովելու համար»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը: