17/12/2014 15:27
Կենտրոնական բանկը «թքած» ունի պատգամավորների հրավիրած արտահերթ նիստի վրա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավանաբար չի մասնակցի ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստին, քանի որ ինքը` ԿԲ նախագահը, այսօրվա ասուլիսում հավաստիացրեց, թե տեղյակ չի, որ արտահերթ նիստ է հրավիրվելու: Ինչը, թերևս, տարօրինակ է, քանի որ հրավիրվելիք արտահերթ նիստի մասին հայտարարվել էր դեռ նախօրեին ու խոսվում անդադար:
Եզրակացնենք, որ Ա. Ջավադյանն ուղղակի ցանկություն չունի մասնակցել այդ քննարկմանը, քանի որ լրագրողի կողմից տեղեկանալուց հետո էլ հստակ որևէ պատասխան չտվեց:
Ա. Ջավադյանը փոխարենը ասաց, որ ցանկացած քննարկում միայն ողջունելի է:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը և ՕԵԿ-ը նախաձեռնել են ԱԺ արտահերթ փակ նիստ, որում կքննարկվի փոխարժեքի տատանումներն ու գնաճը: Նիստը կմեկնարկի 18.30-ին: