17/12/2014 18:20
Գագիկ Խաչատրյան. Խնդիրն այն է, որ Հայաստանում այս երևույթը շատ արագ զարգացավ
Դոլար-դրամի արտարժույթի տատանումները դրամավարկային վարած քաղաքականության հետևանքն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ մեխանիզմներ է մշակել այս ուղղությամբ:
Նախարարի խոսքով` այս ամենը ԿԲ լիազորությունների մեջ է մտնում: Նա նկատեց, որ այս ամենը տնտեսության վրա մեծ ազդեցություն է ունենում, և այն գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում:
«Համատեղ ջանքերով փորձում ենք այս վիճակից դուրս գալ: Կառավարությունում ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում, բայց, ցավոք սրտի,Կառավարությունն այստեղ այդքան շատ գործիքներ չունի»,- նկատեց նախարարը:
Գ. Խաչատրյանի խոսքով` պետք չէ այս ամենի համար մեղադրել ԿԲ-ին. «Աշխարհի բոլոր երկրներում էլ նման գործառույթներ կան»:
Խնդիրն, ըստ նրա, պարազպես այն է, որ Հայաստանում այդ երևույթը շատ արագ զարգացավ: «Նախ ԿԲ գնահատում է պայմանները, որից առաջացել է այս խնդիրը, որպեսզի հետագայում առաջարվող լուծումների հիման վրա շտկվի իրավիճակը»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին` այս դեպքում ֆինանսների նախարարությունն ի՞նչ է անում, նախարարը պատասխանեց, որ ֆինանսների նախարարությունը նախ հանդիսանում է հարկաբյուջետային քաղաքականություն վարողը, որը բարձրացնում է եկամուտները և նվազեցնում ծախսերը:
«Հայաստանի տնտեսությունը թույլ է տալիս շրջված քաղաքականություն վարել: Ամեն օր, ժամ առ ժամ խաղի նոր պայմաններ են առաջադրվում, և մենք՝ ԿԲ-ի ու Կառավարության հետ համատեղ, փորձում ենք իրականացնել այն գործիքները, միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ այս գործընթացների հետևանքով նոր դրամ (փող) շրջանառության մեջ դրվի, նախարարը վստահեցրեց, թե ոչ. «Նման խնդիր չի քննարկվել»: